Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Ֆինանսական կայունություն >Ի՞նչ դեր ունի ֆինանսական կայունությունը քո կյանքում
Դասընթացի բովանդակություն
0%
Գլո՛ւխ հանիր տնտեսությունից

Ի՞նչ դեր ունի ֆինանսական կայունությունը քո կյանքում

Տեսանյութի ենթագիր

Ֆինանսական համակարգը միջնորդ է մեր ու մեր ֆինանսական միջոցների միջև: Ֆինանսական համակարգի միջոցով ենք կատարում փոխանցումներ ու վճարումներ, պահում մեր խնայողությունները, կատարում ներդրումներ, ապահովագրում մեր ռիսկերը, ձեռք բերում վարկեր և այլն: Եվ այս ամենը մեր առօրյա կյանքի անբաժանելի մասն է։ Բոլորիս է անհրաժեշտ, որ ֆինանսական համակարգը լինի կայուն: Քննարկենք, թե ինչ դեր ունի ֆինանսական կայունությունը հենց քո կյանքում:

Նախ, չմոռանանք, որ ֆինանսական կայունության ապահովումը հիմք է հասարակական բարեկեցության համար, քանի որ ֆինանսական կայունությունը կենսական է տնտեսության կարճաժամկետ և երկարաժամկետ աճի համար: Ֆինանսական ճգնաժամերի ժամանակ հաճախ տեսնում ենք, որ ֆինանսական ակտիվների գները տատանվում են անկանխատեսելի ուղղությամբ, ավանդատերերն անհանգստանում են իրենց խնայողությունների համար և գործարարները դժվարությամբ են ֆինանսավորում ստանում։ Նման իրավիճակներում, ինչքան էլ անցանկալի է, մարդիկ և գործարարները կարող են վնասներ կրել:

Իսկ եթե մենք ունենք ուժեղ և դիմացկուն ֆինանսական համակարգ, որը շարունակում է մեզ անհրաժեշտ ֆինանսական ծառայությունները տրամադրել առանց խոչընդոտների և անսպասելի գնային փոփոխությունների, մեր տնտեսական ծրագրերը առավել իրատեսական ու կանխատեսելի են դառնում:

Արի՛ պատկերացնենք մի իրավիճակ, երբ բանկերը անսպասելի զարգացումների արդյունքում ավելի մեծ զգուշավորություն են ցուցաբերում նոր վարկեր տրամադրելիս։ Օրինակ, դու ունես երազանք՝ տուն գնել կամ բիզնես հիմնել, և դրա համար քեզ գուցե լրացուցիչ գումար է պետք: Շատ հնարավոր է, որ քեզ չտրամադրեն վարկ` անկախ քո բարեխիղճ վարկային պատմությունից: Ու եթե նման երևույթը կրի շարունակական բնույթ, մենք կունենանք չիրականացված բիզնես ծրագրեր, նվազող եկամուտներ, ինչն ի վերջո կազդի բոլորիս բարեկեցության վրա:

Ֆինանսական կայունության ապահովումն  օգնում է ֆինանսական համակարգի անխափան աշխատանքին, նպաստում է  տնտեսության աճին և քո, իմ ու մեր բարեկեցությանը:

Վերաբերվի՛ր ֆինանսական կայունությանը որպես հանրային բարիքի, եղի՛ր բարեկեցիկ: